Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված` մեծահասակ բնակչության աճը հանգեցնում են օստեոպորոզի հաճախականության աճին, դարձնելով այն առողջապահության կարևորագույն խնդիրներից մեկը։


Համաճարակաբանական հետազոտությունների տվյալներով ապացուցվել է, որ չկա որևէ ազգություն կամ էթնիկական խումբ, որտեղ օստեոպորոզը բացակայի։ Առողջապահության խնդիրների շարքում օստեոպորոզը սիրտանոթային հիվանդություններից հետո գրավում է երկրորդ տեղը։ Ապացուցվել է նաև, որ դրա պատճառով հիվանդն ավելի երկար ժամանակ է գամվում մահճակալին, քան թոքերի սուր և խրոնիկական հիվանդությունների (ԹՍԽՀ), ուղեղի կաթվածի, սրտամկանի ինֆարկտի կամ կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ։


Հիսուն տարեկանից մեծ կանանց 1/3-ը, իսկ տղամարդկանց 1/8-ն ունեն օստեոպորոզ։ Մոտակա 50 տարիների ընթացքում սպասվում է այս հիվանդության հաճախականության աճ։


Օստեոպորոզին բնորոշ են ոսկրային զանգվածի ցածր խտությունը և ոսկրային հյուսվածքի միկրոկառուցվածքային վերափոխումը, որոնք հանգեցնում են ոսկրերի փխրունության և, հետևաբար, կոտրվածքների առաջացման ռիսկի աճին։ Այս սահմանումն ընդունվել է 1990թ.-ին` Կոպենհագենում կայացած` օստեոպորոզին նվիրված համաժողովում։


Մարդու ոսկրային զանգվածի խտությունն իր առավելագույն չափին է հասնում 23-30 տարեկան հասակում։ Ոսկրային հյուսվածքի զարգացման 3 փուլերն են`

 

  • զանգվածի աստիճանական աճը,
  • աճի կայունացման փուլը,
  • ոսկրանյութի խտության ֆիզիոլոգիական նվազումը։

 

 

Ոսկրի կառուցվածքային նման փոխակերպումը (վերամոդելավորումը) հոմեոստազի պահպանմանն ուղղված մեխանիզմ է, որը ներառում է հին ոսկրի քայքայումը և դրա փոխարինումը նորով։ Մարդու օրգանիզմում մշտապես ընթանում են ռեզորբցիայի և ոսկրագոյացման պրոցեսներ, որոնք կարգավորվում են համակարգային և տեղային տարբեր գործոններով։


Ոսկրի վերամոդելավորման կենսընթացի լրիվ շրջանը տևում է մոտավորապես 5 ամիս, իսկ ռեզորբցիան` ընդամենը 3 շաբաթ։


Ոսկրային զանգվածը մնում է կայուն, քանի դեռ ռեզորբցիայի և ոսկրագոյացման միջին արագությունները հավասար են։ Ոսկրային նյութի կորստի արագությունը կապված է բազմաթիվ (գենետիկական, հորմոնային, ալիմենտար` մարսողական, ֆիզիկական) գործոնների հետ։ Ընդ որում, անկախ օստեոպորոզի ախտաբանաֆիզիոլոգիական մեխանիզմից, ոսկրային հյուսվածքի զանգվածը նվազում է, հասնելով մի սահմանային վիճակի, որին հաջորդում է ոսկրերի կոտրվածքների փուլը։


Ոսկրերի խտության նոսրացումը մոտավորապես այնքանով է կոտրվածքների առաջացման ռիսկի գործոն, որքանով զարկերակային բարձր ճնշումը կաթվածների, կամ խոլեստերինի բարձր մակարդակը` սրտի նոպայի դեպքում։


Օստեոպորոզի համաճարակաբանության ուսումնասիրությունը որոշակի դժվարությունների հետ է կապված, քանի որ օստեպորոզով հիվանդը չի դիմում բժշկական օգնության մինչև ծայրահեղ պատճառներ չեն լինում, սովորաբար դրանք կոտրվածքներն են, մեջքի շրջանի ցավերը կամ աճի դանդաղումը։ Եվ քանի որ ռենտգենագրով հնարավոր չէ ճշգրիտ որոշել ոսկրի զանգվածի խտությունը, իսկ նման հետազոտության ժամանակակից մեթոդները դեռ լայն կիրառում չեն ստացել և թանկ են, ուստի աշխարհի շատ երկրներում այդ ախտաբանության տարածվածությունը գնահատելու համաճարակաբանական ուսումնասիրությունների համար օգտագործվել են օստեոպորոզի պատճառով առաջացած կոտրվածքների հաճախականության մասին տվյալները։


Օստեոպորոզի ժամանակ բնորոշ են ազդրի, ողնաշարի, նախաբազկի դիստալ հատվածի կոտրվածքները, թեև դրանք կարող են լինել ոսկրի տարբեր հատվածներում։


Օստեոպորոզի զարգացման ռիսկը որոշելու երկու կարևոր բաղադրիչներն են ոսկրային զանգվածի առավելագույն չափը (գագաթնակետ) և դրա նվազման հետագա արագությունը։ Այս երկու բաղադրիչները պայմանավորված են գենետիկական և միջավայրի բազմաթիվ գործոններով։


Ռիսկի գործոնները


Տարիքը և սեռը


Մարդու տարիքը ոսկրի զանգվածի խտության և օստեոպորոզի ռիսկի ամենակարևոր բաղադրիչն է։ Կորտիկալ ոսկրի զանգվածը 35-40 տարեկանում սկսում է դանդաղորեն նվազել։ Տրաբեկուլար ոսկրի զանգվածի նվազումն ավելի վաղ է սկսվում` հնարավոր է նույնիսկ 25 տարեկանում։ Այս գործընթացը շարունակվում է կյանքի ամբողջ ընթացքում։ Կանանց ողնաշարում այն նվազում է 45, ազդրի պրոքսիմալ հատվածում` 55%-ով։ Տղամարդկանց ոսկրերում հանքանյութերի խտությունը միջին հաշվով ավելի բարձր է, քան կանանց։ Պարզվել է, որ օստեոպորոզով և օստեոպենիայով տառապում են 28-32 մլն կին, 10-12 մլն տղամարդ։


Հորմոնային գործոնները


Բնական կամ վիրահատական դաշտանադադարի ժամանակ առաջացող Էստրոգենների անբավարարությունը հանգեցնում է բազմաթիվ, բարեբախտաբար, ոչ բոլոր կանանց ոսկրերի զանգվածի խտության կորստի արագացման, հետևաբար նաև ազդրի կոտրվածքների հաճախականության աճի։


Պարզվել է, երբ կանանց դաշտանի պարբերականությունը նախադաշտանային փուլում պահպանված է լինում, ոսկրային զանգվածի կորստի նվազում չի արձանագրվում, սակայն 22%-ի դեպքում դաշտանադադարին հաջորդող երեք տարիների ընթացքում տեղի է ունենում ոսկրային զանգվածի խտության շատ մեծ (տարեկան մինչև 14%-ի հասնող) անկում։


Ոսկրային զանգվածի վրա էստրոգենների անբավարարության ազդեցության ճշգրիտ մեխանիզմը դեռ պարզաբանված չէ, սակայն ապացուցված է, որ օստեոբլաստների վրա էստրոգենային ընկալիչներ (ռեցեպտոր) կան։ Էստրոգենների անբավարար քանակը նպաստում է օստեոբլաստների կողմից օստեոկլաստների ակտիվությունը և տարբերակումը խթանող գործոնի արտադրմանը։ Դրանով է պայմանավորված ոսկրի ռեզորբցիայի աճը։ Ենթադրվում է, որ էստրոգենային անբավարարությունը կարող է կապված լինել պարաթիրեոիդային հորմոնի նկատմամբ ոսկրի բարձր զգայունության և շրջանառող կալցիտոնինի մակարդակի նվազման հետ։ Բացի այդ, կան տվյալներ, որ աղիքներում էստրոգենների անբավարարությունը կալցիումի աբսորբցիայի նվազում է առաջացնում։


Հորմոնների մեծ մասի հավելյալ կամ անբավարար արտազատումը (սեկրեցիա) ցանկացած տարիքում հանգեցնում է օստեոպորոզի։ Արագ զարգացող օստեոպորոզի ցայտուն օրինակ կարող են ծառայել հիպերպարաթիրեոզի և թիրեոտոքսիկոզի ոսկրային ձևի դեպքում ռեզորբցիայի գերակշռումով ընթացող ոսկրային հյուսվածքի մետաբոլիզմի խանգարումները։ Կուշինգի համախտանիշի ժամանակ գլուկոկորտիկոիդների հավելյալ քանակը ճնշում է ոսկրագոյացման կենսընթացը, ըստ որում` աղիքներում կալցիումի վատ ներծծման և երիկամների կողմից դրա խթանված արտազատման պատճառով օրգանիզմում կալցիումային բացասական բալանս է առաջանում, ինչը հանգեցնում է երկրորդային հիպերպարաթիրեոզի և ոսկրային բարձր ռեզորբցիայի։ Վերարտադրողական տարիքի կանանց շրջանում հիպոգոնադիզմի ժամանակ և հետդաշտանադադարային շրջանում գտնվողների մոտ օստեոպորոզի զարգացման մեխանիզմները նման են։
Շաքարային դիաբետն ուղեկցվում է ոսկրերի դանդաղ վերամոդելավորմամբ։ Այսպես, շաքարային դիաբետի առաջին տիպով հիվանդների շրջանում կոտրվածքներ առաջանալու ռիսկը 8-10 անգամ ավելի բարձր է, քան ընդհանրապես բնակչության, և ավելի մեծ, քան շաքարային դիաբետի երկրորդ տիպի դեպքում։


Կոտրվածքներ առաջանալու ռիսկն աճում է դիաբետի տևողության հետ կապված. 12 տարուց ավելի դիաբետ ունեցողներինը` ավելի քան երկու անգամ մեծ է։


Մարմնի կառուցվածքը


Նիհար կանանց շրջանում կոտրվածքներ առաջանալու վտանգն ավելի մեծ է, քան գերերի, քանի որ նիհարների ոսկրի կորտիկալ զանգվածը (ոսկրին շրջապատող ճարպամկանային զանգված) ավելի փոքր է։ Դաշտանադադարից հետո ոսկրի զանգվածի նվազման հարցում ճարպակալմանը նպաստող դերը, հավանաբար, կապված է կենսաբանորեն ակտիվ էստրոգենի մակարդակի բարձրացման հետ։ Պատանեկան տարիքում հավելյալ քաշը կարող է կապված լինել ոսկրային զանգվածի առավելագույն չափին հասնելու հետ։ Հնարավոր է նաև, որ ընկնելու ժամանակ ճարպային հյուսվածքով լեցուն ազդոսկրն ավելի պաշտպանված է կոտրվածքների առումով։


Ֆիզիկական ակտիվությունը


Վաղուց է պարզվել, որ երկարատև անշարժ վիճակը նպաստում է օստեոպորոզի զարգացմանը։ Անկողնուն գամված հիվանդները, անկշռելիության վիճակում գտնվող տիեզերագնացները վտանգված են հյուծված ոսկրի զանգվածի խտության` շաբաթը առնվազն 1%-ով նվազելուն։ Ոսկրի կորտիկալ զանգվածի նվազման աստիճանն ավելի փոքր է։ Քաշի բեռնվածության նորմալացումը ապահովում է երկու տեսակի ոսկրերի աստիճանաբար վերականգնումը։


Ժառանգականությունը


Ներկայումս պարզվել է, որ ընտանեկան և գենետիկական գործոնները որոշակի ազդեցություն ունեն մեծահասակների ոսկրի խտության վրա։ Այստեղ ժառանգական գործոնների դերը հասնում է մինչև 80%-ի։


Սնվելու գործոնները


Քանի որ մարդու օրգանիզմում առկա կալցիումի 99%-ը գտնվում է կմախքի ոսկրերում, հետևաբար, կմախքի ոսկրային զանգվածի առավելագույն ցուցանիշը որոշելու համար նախ անհրաժեշտ է ունենալ կալցիումական հաշվեկշռի զրոյական մակարդակը։ Կալցիումի հաշվեկշիռը կապված է սննդի միջոցով դրա ընդունվող քանակի, աղիքներում աբսորբցիայի և մեզի, քրտնքի և կղանքի միջոցով արտազատման մակարդակի հետ։


Տարիքի հետ նվազում է աղիքներում սննդային կալցիումը աբսորբցիայի ենթարկվելու ունակությունը։ Այս փոփոխություններն ավելի շուտ կապված են 1,25-դիհիգրօքսիվիտամին D3-ի կամ կալցիտրիոլ հորմոնի մակարդակի` տարիքի հետ կապված նվազման, որը նորմայում խթանում է աղիքներում կալցիումի ներծծման գործընթացը։ Արյան մեջ D3 վիտամինի խտության 30 մմոլ/լ-ից ավելի պակասումը կորելացիոն կապ ունի ոսկրային զանգվածի խտության նվազման հետ։


Կան տվյալներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ D վիտամինի անբավարարությունը նպաստում է մկանային թուլության զարգացմանը և դրա հետևանքով ընկնելիս` կոտրվածքների առաջացմանը։ 50 տարեկանից մեծ կանանց խորհուրդ է տրվում սննդակարգի և/կամ հավելումների ձևով ընդունել օրական 1,200 մգ կալցիում։


Խորհուրդ է տրվում օրվա մեջ D վիտամինն ընդունել հետևյալ միավորներով.

 

  • 51-70 տարեկան կանայք` 400 ՄՄ/օր,
  • 71 տարեկանից մեծերը` 600 ՄՄ/օր,
  • արևի դեֆիցիտի պայմաններում գտնվող կանայք` 800 ՄՄ/օր

 

 

Ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը


Բազմաթիվ հետազոտություններում նշվել է, որ ծխող կանանց ոսկրի կորտիկալ (ճարպամկանային) զանգվածն ավելի փոքր է, նրանք չծխող կանանց հետ համեմատած ավելի հաճախ են ունենում ազդոսկրի, ողնաշարի ու նախաբազկի կոտրվածքներ։ Ընդհանուր առմամբ ծխող կանայք ավելի նիհար են լինում։ Մի շարք հեղինակների կարծիքով, նշված տարբերությունները պայմանավորված են ոսկրի կորտիկալ զանգվածի տարբերությամբ։ Նշվում է նաև, որ ծխող տղամարդկանց համար, անգամ քաշի ստանդարտացման պայմաններում, ծխելը նույնպես ողնաշարի կոտրվածքներ ունենալու ռիսկի գործոն է։ Հորմոնային բուժման ընթացքում ծխող կանանց արյան շիճուկում էստրոգենների խտությունը չծխողների համեմատ ավելի ցածր է, իսկ դաշտանադադարն ավելի վաղ է սկսվում։


Նշվել է նաև, որ ալկոհոլի չարաշահումը զգալիորեն բարձրացնում է ազդրի կոտրվածքների ռիսկը կանանց շրջանում։


Ալկոհոլի և օստեոպորոզի միջև կապը կարող է լինել թունավոր գործոնների ուղղակի ազդեցության կամ վատ սնվելու, քաշի զանգվածի նվազման, ծխելու, ֆիզիկական ակտիվության պակասի, լյարդի հիվանդության և խրոնիկական այլ հիվանդությունների հետևանք։ Ալկոհոլի պարբերաբար օգտագործումը, հարբածությունը կարող են նպաստել ընկնելու և կոտրվածքների առաջացման ռիսկի աճին։

Հեղինակ. Ելենա Աղաջանովա, «Մուրացան» համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. mz-clinic.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Ամուսնական առաջին գիշերը
Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ